ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | հունվար

փտր 06, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

001
 

Եթե հավատանք գրականության Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկուն, թե`` մարդն այն է, ինչ կարդում է, ուրեմն հանրային գրադարանների շատ ընթերցողներ մի քիչ Սևակի հետևորդներ և հոգով պոետներ են եղել հունվարին, քանի որ երեք մարզերի գրադարաններում ամենից շատ հենց Պարույր Սևակի գրքերն են կարդացել:

Այս ամիս, հանրապետության առաջատար հանրային գրադարաններում ընթերցողական պատկերի ավելի քան մեկ տարվա ուսումնասիրության մեջ առաջին անգամ, գրադարանների թոփ տասնյակներում չափածո, պոետական գրքեր են հայտնվել: «Մեղավորը» մեր գրականության հարյուրամյա միշտ երիտասարդ Պարույր Սևակն է: Ընթերցողները գրադարաններում հերթի են կանգնում նրա բանաստեղծությունները և «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» գրքերը տուն տանելու համար:

Հայաստանի գրադարանների ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի հունվարյան ցուցակներում 89 գիրք կա, որից 28-ը հայ հեղինակների գրքեր են: Հունվարին, դպրոցների և բուհերի ձմեռային արձակուրդով պայմա¬նավորված, որոշակիորեն նվազում է գրադարան հաճախումների թիվը, սակայն գրականության տացքը գրեթե չի պակասել:

 Հունվարյան ցուցակում ևս մի հայ գրող կա: Րաֆֆու «Սամվելը» այժմ դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկում չէ, բայց շատերն են կարդում, և վեպը լավագույն տասնյակում է: Ժամանակակից գրող, ութ վեպի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը աշնան վերջին լույս տեսած իր «Սև հովազ-1» գրքով վստահորեն զբաղեցրել է ամենապահանջարկված գրքերի տասնյակի երկրորդ հորիզոնականը: Ընդ որում, Աշոտ Աղաբաբյանը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ դարձել է մայրաքաղաք Երևանի գրադարաններում ամենաշատ կարդացվող հեղինակը: 

Վերջին ամիսներին հունական արմատներով ժամանակակից բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի վեպերը ամենաընթերցվող գործերից են: Նրա «Լռակյաց հիվանդը», «Կույսերը», ինչպես նաև Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» և Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եզրափակում են գրադարանների ամենապահանջված գրքերի ցուցակը: Իսկ քարտեզը կազմվում է յուրաքանչյուր մարզի ներկայացրած տասնյակի առաջին հորիզոնականի գրքով, բացառությամբ Երևանի, որը ներկայացնում է մայրաքաղաքի գրադարանների ցանկերում ընդգրկված ամենաընթերցված գիրքը: Ինչպես տեսնում եք, քարտեզով մեկ տիրապետող են Պարույր Սևակի գրքերը: